Թուրքիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» 32 օբյեկտ
Թուրքիան հարվածներ է հասցրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիսում՝ հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Իրաքի և Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների թիրախների դեմ օդային գործողություն է իրականացվել…. Ընդհանուր առմամբ, հաջողությամբ ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող 32 թիրախ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հավելել են, որ գործողությունները շարունակվում են։
Ավելի վաղ թուրքական Sabah թերթը, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային, հայտնել էր, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը կարող է ներգրավված լինել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը»:
Ահաբեկչությանը PKK-ի հնարավոր մասնակցության մասին հայտարարել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Հոկտեմբերի 23-ին ահաբեկչություն է իրականացվել Անկարայում թուրքական Tusaş ավիատիեզերական ընկերության օբյեկտի վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 5 մարդ, ևս 22-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։