Հյուպատոսին ԱԳՆ-ից հրահանգել են չհանդիպե՞լ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««ՀայաՔվեի» ներկայացուցիչները` կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանը եւ իրավաբան Արամ Պետրոսյանը, այս օրերին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում էին` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը:
«ՀայաՔվեի» պատվիրակությունը Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրված միջազգային դիտորդական առաքելություններից մեկն էր, Հայաստանից` միակը եւ Էրբիլ էր այցելել Քուրդիստանի հայրենասիրական միության հրավերով: Պատվիրակներն այցելել են Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողով, հանդիպել հանձնաժողովի նախագահ Օմար Ահմեդի հետ, եղել են Քուրդիստանի հայրենասիրական միության գրասենյակում եւ հանդիպել կուսակցության քաղբյուրոյի անդամ Սադի Ահմեդ Փիրեի հետ:
«ՀայաՔվեի» ներկայացուցիչները հանդիպել են նաեւ Քրդական ինքնավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար-նախարար Սաֆին Դիզայիի հետ։ Ի զարմանս հայկական պատվիրակության՝ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը բացարձակ անտարբերություն է ցուցաբերել նրանց նկատմամբ, հանդիպման առաջարկները թողել է անպատասխան։ Սա՝ այն դեպքում, երբ Էրբիլում հայկական ներկայություն գրեթե չկա, եւ քրդական կողմի հրավերով հայկական պատվիրակության ժամանումը պետք է որ մեծ իրադարձություն լիներ տեղի ՀՀ գլխավոր հյուպատոսության համար։ Թերեւս, ՀՀ ԱԳՆ-ից իջած ցուցումը՝ չհանդիպելու ընդդիմադիր պատվիրակության անդամների հետ, ավելի զորավոր է եղել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: