3 անչափահաս երեխայի մայր եմ, նպաստ չեմ ստանում. Թաթուլ գյուղի բնակիչ
Արագածոտնի Թաթուլ գյուղի բնակիչ Նառա Մուրադյանը, որ 3 անչափահաս երեխաների մայր է, բողոքում է, որ ինքը նպաստ չի ստանում և չի հասկանում` խնդիրն ինչն է։ Ամուսինը թոշակառու է, և նրանք երեք երեխայի ծախսերը հոգալ չեն կարողանում միայն նրա թոշակով։
«Թալինի շրջանին դիմել եմ. իրենք նայել են, թե ինչու նպաստ չեմ ստանում, ու ինձ ասել են, որ տանը 9 հոգի է գրանցված, բայց ես ապրում եմ ամուսնուս և 3 մանկահասակ երեխաներիս հետ։
Իրենց նշած մարդիկ, որոնք մեր տան վրա են գրանցված, այս պահին ապրում են Ռուսաստանում, իսկ ինձ հրաժարվում են նպաստ տալուց։ Ես 3 երեխայի մայր եմ ու նպաստ չեմ ստանում։ Գյուղում մարդիկ կան, որ 1 երեխա ունեն, բայց նպաստ ստանում են։ Ամուսինս թոշակառու է, նրա թոշակով երեխա պահել կլինի՞։ Ես չեմ աշխատում, անասուն չենք պահում. 3 փոքր երեխայի հետ դժվար է հասցնել։ Երեխաներս 4, 3 և 1,5 տարեկան են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նառա Մուրադյանը։
Oragir.News-ը փորձեց կապվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն զանգերը անպատասխան մնացին։