27-ամյա երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել թմրանյութ և կանեփի չորացրած զանգված
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Փարաքար գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց, հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողները տեղեկությունը ստուգելու նպատակով այցելել են նշված հասցե: Երիտասարդը հողամասի ակնհայտ տեսանելի հատվածներից ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոտ 2 կգ կանեփի թփեր ու չորացրած զանգված, իսկ նկուղից՝ մոտ 1,5 կգ չորացրած զանգված։
Նա հայտնել է, որ կանեփը ցանել, մշակել է ինքը՝ անձնական օգտագործման համար:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: