Գողության համար պատժի կրումից հուլիսին ազատված տղամարդը Երևանում երկու տուն է կողոպտել և կրկին հայտնվել բանտում
Ոստիկանությունից հայտնում են՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18։06-ին, Մալաթիայի բաժնում Շահումյան 2-րդ փողոցի բնակչից ստացվել է ահազանգ, որ իր տնից գողություն է եղել. գողացել էին 760 հազար դրամի ոսկյա զարդեր Հաջորդ ահազանգը ստացվել է 11 րոպե անց. Նահապետ Քուչակի փողոցի բնակիչը հայտնել է, որ առանձնատնից գողացել են 300 հազար դրամի զարդեր:
Երկու դեպքով էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երկու տնից էլ գողությունը կատարել է նույն անձը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, որը նախկինում նմանատիպ հանցագործությունների համար դատապարտված լինելով` այս տարվա հուլիսի 12-ին էր ազատվել պատժի կրումից:
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին, ժամը 16։55-ին 36-ամյա տղամարդը հայտնաբերվել է Մարտունի տանող ճանապարհին, ձերբակալվել, հաջորդ օրը՝ կալանավորվել ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ: