ԵՄ-ն լրջորեն դիտարկում է առաքելության մանդատի երկարաձգման հարցը. Միրզոյան
Այսօր կրկին Ադրբեջանի նախագահը բողոքեց ԵՄ առաքելությունից, և միաժամանակ ադրբեջանական մամուլում տարածվել են ԵՄ առաքելության վերաբերյալ տեղեկություններ, իբրև թե ԵՄ առաքելությունն իր մանդատից դուրս գործունեությամբ է զբաղվում Հայաստանի Հանրապետությունում։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱԳ նախարար Արարար Միրզոյանից հետաքրրքվեց՝ կան արդյո՞ք քննարկումներ այժմ ԵՄ առաքելության երկարաձգման հետ կապված:
«Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործողություններով, գործունեությամբ առհասարակ, որոնցով օժտված է համապատասխան ԵՄ որոշմամբ և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող: Ես, որքանով տեղեկացված եմ, Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ առաքելության մանդատի երկարաձգման հարցը:
Մեր տեսանկյունը կարող եմ ասել. քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ՝ ավարտված սահմանազատման գործընթաց և կայունություն, երկարատև խաղաղություն, քանի դեռ մեր հարաբերությունները կարգավորված չեն, և դեռ կան խնդիրներ, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և ըստ այդմ էլ մենք ունենք կարիք չեզոք երրորդ կողմի, ինչպիսին է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, օբյեկտիվ գնահատականների, սահմանի երկայնքով մշտադիտարկմանը և բոլոր տեսակի նաև կեղծ հրապարակումների ու կեղծ լուրերի փարատմանը»,- նշեց նախարարը: