ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում
Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը. նշել է ԱԺ Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը` ողջունելով մեր երկրում Գվատեմալայի արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին (նստավայրը` Մոսկվա):
Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի անդամ Կնյազ Հասանովը:
Տաթևիկ Գասպարյանը խոսել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցությունը զարգացնելու ու միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին` ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը: Պատգամավորը հույս է հայտնել, որ Գվատեմալայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առաջիկայում կձևավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբ:
Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանում առկա իրավիճակին, խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից: Դեսպանին ներկայացնելով ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ դրա իրագործումը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը:
Կնյազ Հասանովի խոսքով, ի տարբերություն խաղաղության պայմանագիր կնքելու հարցում ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը, Ադրբեջանը մի շարք պատճառներով ձգձգում է դրա կնքումը: Պատգամավորն այդ հարցում կարևորել է Գվատեմալայի` որպես ՄԱԿ-ի անդամի դերակատարությունը:
Տաթևիկ Գասպարյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական կարիքները բավարարելու հարցում ՀՀ կառավարության ջանքերի մասին, ինչպես նաև մտահոգություն հայտնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ: Բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է բարձրացված մարտահրավերների հաղթահարման գործում միջազգային գործընկերների աջակցությունը:
Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես կարևորել է խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Ըստ դեսպանի` Գվատեմալայի կառավարությունը տեղյակ է և ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը: