Ես հասկանում եմ՝ «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որ դուք կարդացել եք. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն այսօր ՔՊ-ն 67 կողմ ձայնով հաստատել է, սխալ է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, ընդհանրապես, վերջին 3-4 ամիսների շատ է խոսվել այս մասին, մատնանշվել են վտանգները, բայց այսօր ՔՊ-նա հաստատել է։
Լևոն Քոչարյանն առանձնացրեց կանոնակարգի 5-րդ կետը, ըստ որի, խոսքը գնում է հատվածային սահմանազատման մասին։
«Հնարավոր է հետագայում մենք զիջենք տարածքներ, չստանանք մեր ստանալիքը։ Այս կոնտեքստում՝ ո՞րն է կուրորեն Ադրբեջանին հավատալու պատճառները, արդյո՞ք արցախցիների հանդեպ իրականացված ցեղասպանությունը, արդյո՞ք այն, որ իրենք հավականություններ ունեն մեր սուվերեն տարածքների նկատմամբ, արդյո՞ք այն, որ այս օրերին այստեղ դուք կանոնակարգ եք ընդունում, իրենք զուգահեռ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուց են խոսում, իսկ «Արևմտյան Ադրբեջան» իրենք անվանում են Հայաստանը։ Ի՞նչ պատասխան եք տալու Հայաստանի քաղաքացիներին, երբ լինի այս ցավալի վտանգները»,- հարցադրումներ արեց Լևոն Քոչարյանը։
Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանձնաժողովների կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլև սահմանազատման գործընթացն, ըստ էության, ավարտվում է ամբողջական սահմանազատման գործընթացով։
«Մենք որդեգրել ենք որոշակի ռազմավարություն, հետևյալն է՝ անվտանգային ոլորտում, ընդհանուր առմամբ, մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը, մենք հետևում ենք դրան։ Ինչ ԱԺ-ն այսօր վավերացրել է, կարծում եմ, մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, չափազանց կարևոր իրադարձություն է, դրանով արձանագրել ենք Հայաստանի լեգիտիմ տարածքների սահմանների սահմանազատման սկզբունքները, որոնք պետք է կյանքի կոչվեն»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ նախորդ շրջանում տեղի ունեցածը Կիրանց, Ոսկեպար շրջանում, իր գնահատմամբ, շատ մեծ ու լուրջ հաջողություն է անվտանգային ոլորտում. «Հիշում եք՝ բոլորն ասում էին ինչպես են երեխաները դպրոց գնալու Կիրանց գյուղում։ Կիրանց գյուղում երեխաները դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով, և Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Մենք այս իրադրությունն ուզում ենք ստեղծել Հայաստանի բոլոր սահմանամերձ բնակավայրերում»։