«Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում». Փաշինյանը՝ Գյումրիում խմորումների եւ իշխանությունը խլելու լուրերի մասին
Չհամակերպվելով այն փաստի հետ, որ Գյումրիում ՔՊ-ն չունի լիարժեք իշխանություն, այսօ օրերին իշխանական մեքենան լծվել է այս փաստը շտկելու աշխատանքներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
«Օգտագործելով իշխանական ճնշում գործադրելու հնարավոր եւ անհնարին բոլոր մեթոդները, դուք փորձում եք Ախուրյանի, Վանաձորի, Ալավերդու օրինակով իշխանությունը բվաճել նաեւ Գյումրիում: Հաճախ եք սիրում կրկնել, որ ՀՀ քաղաքացիներն իրենք իրենց քվեով ձեզ են լիազորել ղեկավարել մեր երկիրը: Բայց չէ՞ որ նույն քաղաքացիներն իրենց քվեով լիազորել էին «Բալասանյան դաշինքին» Գյումրիում, «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքներին Ախուրյանում, «Մամիկոն Ասլանյան դաշինքին» Վանաձորում ղեկավարել այդ համայնքները:
Ինձ մոտ հարց է առաջանում, հաջորդ ո՞ր համայնքն է, եւ ի վերջո, ինչքա՞ն է շարունակվելու ձեր իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառումը»,-News.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում»:
Մհեր Մելքոնյանն արձագանքեց, որ արդեն երկար ժամանակ է, որ խոսակցություններ են պտտվում, որ ՔՊ-ն խլում է իշխանությունը Գյումրիում, իսկ այսօր արդեն եղավ տեղեկություն, որ արդեն «Բալասանյան դաշինքի» անդամները հրաժարվում են մանդատներից:
Փաշինյանն ասաց. «Որ այդքան տեղեկացված եք, մեզ էլ ասեք, թե Գյումրիում ինչ է կատարվելու, մենք էլ իմանանք»:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Գյումրիում Բալասանյան դաշինքը հանձնելու է իշխանությունը եւ իշխանություններն արտահերթ ընտրությունների ուղիով են գնալու:
«Եղավ, շնորհակալություն»,- ծիծղելով ասաց Փաշինյանն ու իջավ ամբիոնից: