Վրաստանում իշխանությունը զավթելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երկրում կա խումբ, որը հեղաշրջում է նախապատրաստում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Բոլոր նախանշանները ցույց են տալիս, որ կա խումբ, որը պատրաստվում է հեղաշրջման», - ասել է նա:
Պապուաշվիլին նշել է, որ պետական հեղաշրջումը ծրագրվել էր ավելի վաղ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրա խոսքով՝ այս անգամ դավադիրները դիտորդական հասարակական կազմակերպությունների միջոցով մտադիր են կեղծված ընտրությունների մասին զեկույցներ պատրաստել՝ երկրում անկարգությունների համար «կեղծ պատճառ» ստեղծելու նպատակով։
«Հակաժողովրդավարական ճանապարհով իշխանությունը զավթելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և դրանում ներգրավված են տեղական դիտորդական կազմակերպությունները»,- ընդգծել է պաշտոնյան։