Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները
Հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։
«Խնդրում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աջակցել մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների իրականացմանը, իսկ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում «Գյուղատնտեսական ծառայություների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստակամ են աջակցելու գրավչանյութի պատրաստման աշխատանքներին և տրամադրել խորհրդատվություն։
Միաժամանակ հայտնում ենք, որ խիստ կարևոր է աշնանը մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների միաժամանակյա և ճիշտ ժամկետներում իրականացումը՝ գարնանը կրծողների ավելի մեծ արեալներով բռնկումներից խուսափելու համար։
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արդեն իսկ իրականացվել են հանրապետության մարզերի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մշտադիտարկման աշխատանքները։
Բարձր արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել թունանյութի և գրավչանյութի սահմանված չափաքանակները։
Համայնքներում, բնակավայրերում պայքարի աշխատանքներն իրականացնել միաժամանակ՝ բարձր արդյունավետություն ապահովելու նպատակով։
Թունավորված գրավչանյութի պատրաստման ընթացքում անհրաժեշտ է կրել համապատասխան արտահագուստ, ռետինե ձեռնոցներ, ակնոցներ, շնչադիմակ։
Գրավչանյութով մշակված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։