Հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը. նախարար
Նախատեսվում է, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը:
Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում՝ բյուջետային աջակցության վարկ ներգրավելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում:
«2025 թվականի բյուջեի պակասուրդը լինելու է ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: Բայց պակասուրդի գումարները պետք է ուղղվեն կապիտալ ծախսերի կամ տնտեսության պոտենցիալը երկարաժամկետ մեծացնող միջոցառումների»,-ասաց Հովհաննիսյանը:
2024 թվականի բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 4.6 տոկոսը, որն ընդունված պակասուրդի 3 տոկոս մակարդակից բարձր է: «Սակայն այդ պակասուրդի մակարդակը սահմանել ենք՝ ֆինանսավորելու կարևորագույն ծրագրեր, նաև լուծելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական և բնակարանային խնդիրները»,-նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ 483 մլրդ դրամ պակասուրդի պայմաններում կառավարությունը 700 մլրդ դրամի կապիտալ ծախսեր է իրականացրել: Այսինքն՝ այդ պակասուրդից ավել գումար ուղղել են երկրի տնտեսության ու անվտանգային ենթակառուցվածքները բարելավելուն: