Սլովակիայի վարչապետը խոսել է Եվրամիության նոր բյուջեի մասին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ Եվրամիությունը միշտ միջոցներ է գտնում Ուկրաինայի համար, սակայն չի կարող անհրաժեշտ գումարներ ծախսել անօրինական միգրացիայի դեմ պայքարի եվրոպական քաղաքականության հաջողության համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հետաքրքիր է, որ երբ ուկրաինական պատերազմի համար փող է պետք, հայթայթվում են տասնյակ միլիարդներ։ Հարցն այն է, որ անօրինական միգրացիան Եվրոպայի համար նույնքան վտանգավոր է, սակայն այդ սպառնալիքը հաշվի չի առնվում։ Ինչու՞ մենք չենք կարողանում բավականաչափ գումարներ ծախսել, որպեսզի անօրինական միգրանտներին կանգնեցնենք Եվրամիության սահմաններին»,- ասել է Ֆիցոն Սերբիայի նախագահի և Հունգարիայի վարչապետի հետ բանակցություններից հետո։
Նրա խոսքով, առաջարկները, որոնք վերաբերում են իրենց երկրներում անօրինական միգրանտների պայմանների բարելավմանը, զգալի ծախսեր են պահանջում։