Քաղաքաշինության կոմիտեն միջոցներ է ձեռնարկել անձրևներից վնասված կոնսերվատորիայի շենքի խնդրի կարգավորման համար
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման և վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքների վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ կոմիտեն վերահսկում է իրավիճակը։
Կոնսերվատորիայի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման մասնագետները տեղումների ընթացքում և դրանցից հետո մի քանի շրջայց են իրականացրել տարածքում, ուսումնասիրել իրավիճակը, պատճառված վնասն ու ձեռնարկել միջոցներ խնդրի կարգավորման համար։
Կապալառու կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով իրականացնել անձրևից վնասված հատվածների կոսմետիկ հարդարում, մինչև հիմնական նորոգման աշխատանքների իրականացումը, որի համար անհրաժեշտ է դատարկել տվյալ մասնաշենքերի գույքը։
Հարկ է նշել, որ շինարարական ցանկացած ծրագրի ընթացքում տանիքի փոխարինման փուլում եղանակային պայմանները հասկանալիորեն կարող են խոչընդոտել շինարարական աշխատանքների բնականոն ընթացքը` տարվա բոլոր ժամանակահատվածներում։
Հաշվի առնելով, որ մի քանի օրերի ընթացքում տեղացած անձրևը գերազանցել է ամսական նորման, ուստի հետևանքները եղել են համապատասխան։ Վնասվել են երկրորդ և երրորդ մասնաշենքերի վերջին հարկերը։ Անձրևաջրերը ներթափանցել են նաև երրորդ հարկ, որտեղ տեղ-տեղ պոկվել է առաստաղի և պատերի սվաղը։
Միաժամանակ շինարարական ընկերությունը սահմանված կարգով, անվտանգության նկատառումներից ելնելով, տանիքի փոխարինման աշխատանքները մեկնարկելուց առաջ կոնսերվատորիայի աշխատակազմին խնդրել է ազատել վերջին` չորրորդ հարկի լսարաններն ու աշխատասենյակները, որից հետո միայն իրականացրել է տանիքի ապամոնտաժում։
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի շրջանակում, նախագծային փաստաթղթերի համաձայն, շինարարական աշխատանքները պետք է սկսվեին ողջ ծավալով, սակայն դասապրոցեսը չընդհատելու նպատակով ձեռք է բերվել համաձայնություն աշխատանքները կազմակերպել փուլային սկզբունքով։
Այս տարվա համար նախատեսված է առաջին մասնաշենքի վերակառուցում և երկրորդ ու երրորդ մասնաշենքերի տանիքների փոխարինում։ Առաջին մասնաշենքում, որտեղ դասապրոցես չի կազմակերպվում, շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Երկրորդ մասնաշենքում իրականացվում են ծածկի մոնտաժման, իսկ երրորդում` տանիքի ամրակայման աշխատանքներ։
Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն և ավարտվելու են սահմանված վերջնաժամկետում։ Ընթացքում, սակայն, ժամանակացույցը ճշգրտվում է, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացվում են փուլառփուլ` հարմարեցվելով դասապրոցեսին։
Քաղաքաշինության կոմիտեն հավելում է, որ մշտական կապ է պահպանում Երևանի կոնսերվատորիայի ղեկավարության ու կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ և հետամուտ է լինելու անձրևաջրերի հետևանքով ծագած խնդրի շուտափույթ կարգավորմանն ու ստեղծված անհարմարությունների վերացմանը։