Փաշինյանի այցը Գյումրի կապ չունի «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատները վայր դնելու հետ. Էմմա Պալյան
Մամուլում շրջանառվող այն լուրը, որ մինչև այսօրվա վերջ կամ վաղը առավոտ Գյումրիի իշխող «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները վայր կդնեն մանդատները, Գյումրիից ներկայացված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն էլ են ծանոթ այդ լուրերը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին կուսակցության Գյումրու գրասենյակում աշխատանքային խմբի նիստ էր տեղի ունեցել, հնարավո՞ր է, որ այդ ժամանակ քննարկվել է մանդատները վայրն դնելու և քաղաքապետի հրաժարականի հարցը, Էմմա Պալյանն ասաց.
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցին, այդ այցը բացարձակապես կապ չունի «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատները վայր դնելու և քաղաքապետի հրաժարականի հետ։ Մենք այդ հարցը չենք քննարկել, մենք քննարկել ենք բացառապես մեր օրակարգում եղած հարցերը»։
Նշենք՝ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գյումրիում ճնշումներ կան իշխող ուժի նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իր թեկնածուն ունի, որը, ըստ շրջանառվող լուրերի, այժմ Գյումրիի փոխքաղաքապետն է։