Խորհրդարանից դուրս մնացած ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը հոխորտում է ընդդիմության հասցեին
Armlur.am-ը գրում է․
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որի գլխավորած ուժը 2021 թ-ի ԱԺ ընտրություններում բավարար ձայներ չհավաքելու արդյունքում դուրս մնաց խորհրդարանից, այսօր խորհրդարանական ընդդիմությանը հորդորում է ԱԺ նիստերը բոյկոտելու փոխարեն վայր դնել մանդատները:
«Վայր դրեք մանդատները, թե չէ համ փող ստանանք, համ գործի չգնաք, ոնց էլի»,-գրել է Մարուքյանը։
Ուշագրավ է, որ նույն Էդմոն Մարուքյանը, որն այսօր բոյկոտը դադարեցնելու եւ մանդատները վայր դնելու կոչ է անում, հենց ինքը և իր թիմակիցներն էին պարբերաբար բոյկոտում նիստերը։
2020թ-ի մայիսի ութին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո խորհրդարանական երրորդ խմբակցությունը բոյկոտել էր նիստերը: Մարուքյանը հայտարարել էր, որ կատարվածին պետք է լինի իրավական և քաղաքական գնահատական, որից հետո կորոշեն իրենց անելիքները:
Հիմա նախկին պատգամավորը, որը հենց ինքն էր մանդատը վայր դնելու փոխարեն քաղաքական բոյկոտ անում, ընդդիմությանը մեղադրում է մանդատից չհրաժարվելու համար։
Հավելենք, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ բազմիցս անդրադարձել է այս մեղադրանքներին՝ պարզաբանելով, թե ընդդիմության մանդատը վայր դնելով խորհրդարանում ճգնաժամ չի ստեղծվելու, քանի որ ՔՊ-ն խորհրդարանական մեծամասնություն է և իրենց ձայները բավարար են ցանկացած օրինագիծ ընդունելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։