ՆԳ նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։
Նախարարը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ մասնավորապես ընդգծելով ոստիկանական համագործակցությունը, որն իրականացվում է Ինտերպոլի խողովակներով և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կապի սպայի միջոցով։
Նախարարը կարևոր ձեռքբերում է համարել Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից ազդարարված մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այդ համատեքստում շոշափվել են մի շարք թեմաներ, կարևորվել է պետության և մասնավոր ընկերության համագործակցությամբ կենսաչափական անձնագրերի ներդրման հարցը:
Նա նշել է, որ այդ փաստը պետք է դիտարկել որպես միգրացիայի կառավարման, մարդկանց տեղաշարժի և ներքին անվտանգության ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը մասնավորապես՝ոստիկանական, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրոպոլի միջև ստորագրված համաձայնագրերին, որոնք արդեն ուժի մեջ են մտել և տեղեկատվության անվտանգ տեղափոխման, ինչպես նաև ՆԳ նախարարության կողմից Եվրոպոլի գրասենյակում կապի սպայի տեղակայման համար իրավական հիմք են:
Իր խոսքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների մանրամասներ։ Խոսվել է աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ կրթական մակարդակի բարձրացման, տեխնիկական հագեցվածության, միգրացիայի ոլորտում ռեադմիսիոն հայցերի կառավարման համակարգի մասին։
Հանդիպմանը քննարկվել են նաև ապաստան հայցողների համար նոր կենտրոնների կառուցման, ինչպես նաև երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։