Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկված հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 25 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց:
Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառման ընթացքում մարզային վարչության Վանաձորի տեղամասի ծառայողները հայտնաբերել են «Գազ-31» մակնիշի մեքենա՝ բեռնված է մոտ 0,7 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութով: Մեքենայի վարորդ Ա.Մ.-ն փայտանյութի օրիանականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:
Փայտանյութը տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահեստ: Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության կողմից իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: