Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։
Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ՝ լիահույս լինելով, որ այն հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել։
Անդրադառնալով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված ոլորտային առաջնահերթություններին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում կարևորել է նաև միջազգային գործընկերների դերը։ Այս համատեքստում նախարարը նշել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ ունեցած արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ հատկապես ոլորտային բարեփոխումների և գենդերային հավասարության ապահովման ուղղություններով։
Կողմերը դիտարկել են նաև լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը․ շեշտվել է փոխադարձ այցերի դերը, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտային քաղաքականություններին և բարեփոխումներին, ուսումնասիրել դրանք, և, ըստ անհրաժեշտության, տեղայնացնել։
Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում գենդերային քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ նախարար Մկրտչյանը ներկայացրել է Գենդերային ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը, ինչպես նաև Ժողովրդագրության ռազմավարությամբ ամրագրված գերակայությունները։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։