«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կանոնակարգի վերաբերյալ նիստի ժամանակ իրենց խմբակցության պատգամավորները չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ իրենց կասկածները չեն փարատվել։
«Հիմա Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վավերացմանը, այն էլ այն պայմաններում, երբ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։ Սա նոնսենս է։ Միշտ խոսել ենք սինխրոնիզացված համաձայնությունների մասին, բայց հիմա մենք վավերացնում ենք, բայց չենք կարող բացառել, որ Ադրբեջանը դա չի անելու, չի վավերացնելու կամ կարող է վավերացնել մեզ համար անընդունելի վերապահումներով։ Մենք ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար։ Ըստ այդմ, «Հայաստան» խմբակցությունն այս հակաօրինական գործընթացին չի մասնակցելու, որովհետև մասնակցությունը կարող է մեկնաբանվել նաև իրավաչափության ճանաչում, ուստի ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը մենք չենք մասնակցելու»,- ասել է Ռուստամյանը։
«Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ նշել է, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով հիմա ՀՀ իշխանությունն անցկացնում է այն: Մամիջանյանը համարում է, որ այս գործողությունները միտված են հայկական կողմից հետագա հնարավոր զիջումների արդարացմանը:
«Հենց այդ և մի շարք պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը»,-ասել Հայկ Մամիջանյանը: