Փաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա. Ալեն Սիմոնյան
ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից Չեխիա պաշտոնական այցի ժամանակ արած մի հայտարարության մասին։ Նա մեջբերեց Սիմոնյանի խոսքը՝ «հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքները օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակն ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։
«Իհարկե, դատապարտել եք պատերազմը։ Այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձևեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»,- հարցրեց Մանուկյանը։
Սիմոնյանն արձագանքեց. «Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն, թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմում, երբ որ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում անձամբ ՀՅԴ-ն ու նշում, որ դա Ադրբեջան է։ Բա ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին, որևէ նոր բան իմ ասածի մեջ չկա»։
Ընդդիմադիր պատգամավորն արձագանքելով ասաց․ «Ժողովրդական խոսք կա՝ «Я про Ивана, а он про болвана»։ Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին, վերաբերվել են հրադադարի հաստատմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը։ ՄԱԿ-ի բանաձևերը որևէ լեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Ադրբեջանի օկուպացիայի համար»։
Ի պատասխան պատգամավորի ԱԺ նախագահը հայտարարեց. «Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։