Մարիխուանա՝ տանը, կանեփի թփեր` հողամասում. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Բջնի գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդն իր տանը և օժանդակ շինություններում պահում է մարիխուանա։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հոկտեմբերի 14-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել տղամարդու տանը և օժանդակ շինություններում: Տան աստիճանների տակից և խորդանոցից տանտերը իրավապահներին ներկայացրել է ավելի քան 4 կիլոգրամ կանեփի չորացված բույսեր և 600 գրամ չոր զանգված, իսկ հողամասում հայտնաբերվել է կանեփի երեք թուփ:
Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախ ոստիկանության Չարենցավանի բաժին, ապա` Կոտայքի մարզային քննչական վարչություն
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: