Սինգապուրի խորհրդարանի նախագահն իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին
Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան Պենգի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Սինգապուրի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի և Սինգապուրի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում, և ուրախությամբ ընդգծել 2019 թվականին Հայաստանի և Սինգապուրի վարչապետների փոխադարձ այցերը:
Սեհ Կիան Պենգն ուրախությամբ ողջունել է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ անդամ դառնալու հանգամանքը և Միջխորհրդարանական միության շրջանակում ակտիվ համագործակցությունը:
ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը:
Սինգապուրի խորհրդարանի նախագահն իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին և կարևորել այս գործընթացում համապարփակ խաղաղության և կայունության հաստատումը՝ բացառելով ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները:
Հանդիպման մասնակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: