Նավալնիի կինը Ռուսաստան վերադառնալու դեպքում իր թեկնածությունը կառաջադրի նախագահի պաշտոնի համար
Քրեակատարողական հիմնարկում փետրվարին մահացած ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Ռուսաստանի նախագահական ընտրություններում, եթե երկիր վերադառնա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Յուլյա Նավալնայան հայտնել է BBC-ին տված ընդարձակ հարցազրույցում։ «Իմ նպատակն է մոտեցնել և հնարավոր դարձնել փոփոխությունները երկրում։
Եթե վերադառնամ Ռուսաստան, ապա ընտրություններին կառաջադրվեմ որպես նախագահի թեկնածու», - ասել է Նավալնայան։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ քանի դեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մնում է իշխանության ղեկին, Մոսկվա վերադառնալը «դժբախտաբար անհնար է»։ Նավալնայան նշել է, որ նույնիսկ չի կարողացել գնալ հայրենի քաղաք՝ ամուսնու հուղարկավորությանը, քանի որ վախեցել է ձերբակալվելուց։ Ռուսաստանում Յուլյա Նավալնայայի դեմ քրեական գործ է հարուցվել ծայրահեղական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով. որպես այդ ծայրահեղական կազմակերպություն ՌԴ իշխանությունները նկատի ունեն Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ը։
«Ինձ համար շատ կարևոր է լինել այն մարդկանց կողքին, ովքեր աջակցել են ամուսնուս և այժմ էլ ինձ աջակցում են։ Ռուսաստանյան ընդդիմությունը հայտնվել է ծանր վիճակում. Շատերն աքսորված են, շատերն ընկճված են, հիասթափված... Ես՝ ոչ։ Չնայած իմ կյանքում տեղի ունեցած բոլոր սարսափելի իրադարձություններին, ես հավատում եմ, որ մի օր ամեն ինչ պետք է փոխվի, վաղ թե ուշ», - ասել է նա:
BBC-ի հարցազրույցը Նավալնայայի հետ տեղի է ունեցել Ալեքսեյ Նավալնիի «Հայրենասերը» գրքի շնորհանդեսին ընդառաջ։ Հոկտեմբերի 22-ին գիրքը լույս կտեսնի միաժամանակ 26 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։
Գրքում ներկայացված են ընդդիմադիր քաղաքական գործչի ինքնակենսագրությունը և նրա օրագրերը, որոնք գրվել են, երբ նա ազատազրկման մեջ էր: Ալեքսեյ Նավալնին օրագիր էր վարում 2021 թ. հունվարին «Շերեմետևոյի» օդանավակայանում ձերբակալվելուց ի վեր մինչև 2024 թ. փետրվարի 16-ին իր մահը։