Բնակարանը վարձակալության հանձնած, կանոնները խախտած քանի՞ անձ է պատասխանատվության ենթարկել․ ՊԵԿ-ի պատասխանը
ՊԵԿ-ը այս տարվա փետրվարի 1-ից սկսել է բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարությունը։
Iravaban.net-ը հարցմամբ դիմել է կոմիտեին՝ պարզելու, թե փետրվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում անշարժ գույքը վարձակալության հանձնելու, բնակարանի հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ ինչ խախտումներ են արձանագրվել, ինչ բնույթի խախտումներ են եղել և ինչպես է դա բացահայտվել։
Միաժամանակ, հարցմամբ փորձել ենք պարզել հետևյալ հարցը․
-բնակարանը վարձակալության հանձնած, կանոնները խախտած քանի՞ անձ է պատասխանատվության ենթարկել։
ՊԵԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ այս հարցերը կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 2․1-ին կետի համաձայն։ Ըստ նշված կետի՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում վարձատուից գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։
Նշում է, որ այս մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ 1 տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը։
Արձանագրված իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ-ից հայտնել են հետևյալը․
«Անշարժ գույքը վարձակալության հանձնելու և սահմանված ժամկետում հարկային մարմնի հայտարարություն ներկայացված չլինելու առնչությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտված դեպքերով ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում 2024 թ․ փետրվարից հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում հարուցվել է 40 վարչական վարույթ, որոնցից 27-ով վարույթներով կայացված վարչական ակտերով առաջադրվել է տուգանք՝ ընդհանուր 9 միլիոն 429 հազար 421 դրամի չափով, կարճվել է 12 վարչական վարույթ, և դեռևս 1-ը ընթացքի մեջ է»։
Միաժամանակ հայտնեցին, որ նախատեսված ժամանակահատվածում ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է անշարժ գույքի վարձակալության 23 հազար 309 հայտարարություն՝ 15,055 քաղաքացիների կողմից։