Պռոշյան գյուղում վթարի ենթարկված 32-ամյա կինը գիտակցության չգալով մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել երեկ՝ հոկտեմբերի 19-ին՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել «Լահմաջո» գովազդային ցուցանակի մոտ։
Վթարի հետևանքով Մարիամ Մ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Զավեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, նշված «Լահմաջո» օբյեկտի աշխատակիցները։
Վարորդի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։