Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան
Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ազատություն». - Միաժամանակ Երևանը տևական ժամանակ է՝ Բաքվին առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված դրույթները, ինչը Բաքուն մերժում է՝ պնդելով, որ պետք է համաձայնեցնեն բոլոր կետերը, Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, անգամ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը Նահանգներում չազդեց։ Կարո՞ղ ենք ասել, որ գործընթացը փակուղի է մտել։
Ալեն Սիմոնյան. -Ո՛չ, չենք կարող այսպիսի բան ասել և չպետք է ասենք, ու պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։ Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, որ այս գիտակցումը կա նաև Ադրբեջանում։
«Ազատություն». - Նաև կարծիք է հնչում, որ տվյալ իրավիճակից ելքը կարող է լինել Հայաստանի կողմից հավելյալ զիջումների պարագայում։ Դուք ինչպե՞ս եք տեսնում ելքը։
Ալեն Սիմոնյան. - Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի։