Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես անդրադառնալով նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Այս առիթով վիետնամական կողմն իր աջակցությունն է հայտնել երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացին:
«Վիետնամը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մեր երկրների միջև հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության խորացման համար»,- ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Նա ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր հարթակ է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման և միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Հակոբ Արշակյանը տեղեկացրել է զրուցակցին, որ ՀՀ ԱԺ-ում գործում է Հայաստան-Վիետնամ բարեկամական խումբ: Հայկական կողմն ակնկալում է նմանատիպ խմբի ստեղծումը Վիետնամի խորհրդարանում:
Երկու օրենսդիր մարմինների միջև շփումների ակտիվացման առումով փոխադարձ այցերը չափազանց կարևոր են: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է մոտ ապագայում սպասվող Ազգային ժողովի նախագահի այցին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն՝ համոզմունք հայտնելով, որ այն կծառայի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացմանը և երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման հնարավորությանը:
Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում ջանքեր գործադրել Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև արդյունավետ համագործակցության հարցում:
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը և բարձր է գնահատում նախորդ տարվա օգոստոսին ստացած դիտորդի կարգավիճակը:
Աժ փոխխոսնակն ընդգծել է նաև ՀՀ-ի արդյունավետ համագործակցությունն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ միջազգային կազմակերպությունների շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ։