Մեքենան բախվել է գովազդային սյանը և վերածվել մետաղե ջարդոնի. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել «Լահմաջո» գովազդային ցուցանակի մոտ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մարիամ Մ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Զավեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված «Լահմաջո» օբյեկտի աշխատակիցները։
Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը միջին ծանրության։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։