Ո՞րն է բազոֆիլների հիմնական ֆունկցիան
Բազոֆիլները հատվածավորված կորիզով և խոշոր, տարբեր չափերի և ձևի գրանուլաներ պարունակող ցիտոպլազմայով լեյկոցիտներ են:
Բազոֆիլները կազմում են շրջանառող լեյկոցիտների 0-1%-ը: Բազոֆիլների կյանքի տևողությունը 8-12 օր է: Դրանք ունեն 8-12 մկմ տրամագիծ: Արյան մեջ շրջանառում են մի քանի ժամ:
Բազոֆիլների ցիտոպլազման պարունակում է հեպարին՝ հակամակարդիչ նյութ, հիստամին՝ անոթալայնիչ և կենսաբանական այլ ակտիվ նյութեր, փոխանցում է Aysor.am-ը։
Բազոֆիլների հիմնական ֆունկցիան տարբեր բնույթի ալերգիկ ռեակցիաներին մասնակցությունն է: Բազոֆիլներն ընդունակ են նաև ֆագոցիտոզի, ներգործում են մակարդման և ֆիբրինալուծման գործընթացների վրա:
Կլինիկական նշանակություն ունի միայն բազոֆիլների թվաքանակի զգալի բարձրացումը՝ բազոֆիլիան, որն այս բջիջների քանակի բարձրացումն է մեկ միկրոլիտրում 150 և ավելի:
Բազոֆիլների հետազոտության հիմնական ցուցումներն են՝
պլանային կանխարգելիչ հետազոտություն,
հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն,
վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում,
հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն։
Բազոֆիլներ թեսթի համար հանձնվող կենսանմուշն երակային արյունն է։
Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին՝ քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի ոչ պակաս, քան 8 ժամը (ցանկալի է՝ 12 ժամ առաջ): Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով). կարելի է միայն ջուր խմել:
Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:
Թեստի արդյունքների մեկնաբանությունը ներառում է՝
բազոֆիլների թվաքանակի բարձրացում,
ալերգիկ վիճակներ, այդ թվում՝ դեղորայքային ալերգիաներ,
կոլիտներ,
քրոնիկ հեմոլիտիկ անեմիաներ,
որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ, ջրծաղիկ և տուբերկուլոզ),
չարորակ նորագոյացություններ,
օնկոհեմատոլոգիական հիվանդություններ։
Բազոֆիլների միջազգային անվանումներն են Basophils և հապավումը՝ BASO։
Թեստի հանձնումից առաջ և հետո կարևոր է գտնվել բժշկի հսկողության ներքո և ստանալ անհրաժեշտ հրահանգները։