Քննարկվել են ՀՀ զբոսաշրջության ռազմավարության բրենդինգին, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ մասնակցել է Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի 2024֊2029 թվականների ռազմավարության ներկայացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է ֆեդերացիայի ռազմավարությունը առաջիկա տարիների համար, նրանց տեսլականը, հետագա քայլերն ու գործողությունները։
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Ջերմուկը Հայաստանի կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկն է, և պետք է քայլեր ձեռնարկվեն քաղաքի ճանաչելիության ու գրավչության բարձրացման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս ավելի շատ զբոսաշրջիկներ կարողանան գալ Հայաստան և ծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերին և ներուժին։
Նախարար Գևորգ Պապոյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։
Նախարարը նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստերներ, որոնցից երեքը Վայոց Ձորի մարզում են տեղակայվելու՝ Ջերմուկ քաղաքում, Եղեգիս և Արենի համայնքներում։
Քննարկվել են Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգին, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։
Նախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկները։