Համաձայն եմ Մեսսիի հետ. Զոմերը՝ Ոսկե գնդակի հավակնորդի մասին
Միլանի «Ինտերի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը համակարծիք է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ այն հարցում, որ Արգենտինայի հավաքականի և միլանցիների հարձակվող Լաուտարո Մարտինեսը պետք է դառնա «Ոսկե գնդակի» այս տարվա դափնեկիրը։
«Ես լիովին համաձայն եմ Մեսսիի հետ: Ես Լաուտարոյին ճանաչում եմ արդեն մեկուկես տարի և անմիջապես նկատեցի նրա մեծ անհատականությունը և ավագի ոգին: Մենք միշտ նրա կարիքն ունենք, և դա այնքան արժանի վարձատրություն կլիներ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Զոմերի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
2024 թվականին Մարտինեսը «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի առաջնության հաղթող՝ միաժամանակ դառնալով մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Արգենտինայի հավաքականի կազմում էլ նա հաղթել է Ամերիկայի գավաթում, որտեղ ևս առաջինն էր ռմբարկուական մրցավազքում:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում: