Իրանական բեռնատարների վարորդները իրենց հետ փոքր տարաներով Հայաստան են տեղափոխում դիզելային վառելիք, որը հետագայում հայտնվում է շուկայում․ ՊԵԿ
ՊԵԿ-ը հաղորդագրություն է տրածել, որում նշված է․
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում են շուկայում:
Մաքսային մարմինը շարունակաբար իրականացնում է հսկողություն` նման եղանակով վառելիքի ներմուծումը կանխարգելելու ուղղությամբ: Օրինակ, միայն 2024 թ. հոկտեմբերի 12-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 16:00-ի հատվածում իրականացված հսկողության արդյունքում, բեռնատարներից հավաքվել է ավելի քան 10 տոննա վառելիք:
Վարորդների նման վարքագծի արդյունքում իրականացվող մաքսային վարչարարությունն էականորեն ազդում է «Ագարակ» անցման կետից բեռնատարների թողունակության վրա: Այլ կերպ ասած` նման հսկողությունը հանգեցնում է ավելի քիչ քանակով բեռնատարների բացթողնմանը և հերթերի գոյացմանը:
Կոմիտեն խնդրի վերաբերյալ տեղեկացրել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմիններին` «Նորդուզ» անցման կետում նշված երևույթի նկատմամբ նույնպես հսկողություն իրականացնելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է բեռնատարների վարորդներին, փոխադրողներին, բեռներ ստացող տնտեսվարողներին՝ ձեռնարկել միջոցներ նման եղանակով վառելիքի ներմուծումը բացառելու ուղղությամբ, քանի որ այն մի կողմից օրինական չէ, իսկ մյուս կողմից` դրա նկատմամբ շարունակական ուժեղացված մաքսային հսկողությունը բացասաբար է ազդելու «Ագարակ» անցման կետի թողունակության վրա»: