Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. Միլոշ Վիստարչիլը՝ Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ։ Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջև համագործակցության խորացման ու զարգացման հարցերը։
Սենատի նախագահը հայտնել է, որ Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հատկապես Հայաստանի՝ ԵՄ-ին ավելի մոտ լինելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո։ ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխական կողմին Հայաստան-ԵՄ սերտացման գործընթացում ավանդ ունենալու ցանկության ու այդ հարցում ունեցած դրական տրամադրվածության համար։
Անդրադարձ է կատարվել նաև մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային։
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում։