Հաղթանակի կամրջի հատվածում արձանագրված ջրակուտակումների վերաբերյալ տեսանյութերը հին են. Հայկ Կոստանյան
Մայրաքաղաքում դիտված հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին Երևանի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությանը խոչնդոտող խնդիր, ըստ էության, չի եղել, քանի որ ինչպես նախապես տեղեկացրել էի՝ տեղերում սահմանվել են շուրջօրյա հերթապահություններ՝ «Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում հնարավոր է եղել արագ արձագանքել լոկալ խնդիրներին, մասնավորապես, կանխել տերևների ու այլ թափոնների կուտակումը դիտահորերի մոտ և արդյունքում՝ զերծ մնալ խցանումներից, այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հոկտեմբերի 17-ին արձանագրված տեղումներն ավելի ինտենսիվ էին: Այդ օրը տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Միկոյան փողոցում (այսպես կոչված՝ Եղվարդի խճուղում): Այս պահին իրականացվում է հնարավոր պատճառների ուսումնասիրություն:
Ինչ վերաբերում է Հաղթանակի կամրջի հատվածում արձանագրված ջրակուտակումներին, ապա սոց. ցանցերում տեղ գտած տեսանյութերը, ըստ էության, հին են, քանի որ հոկտեմբերի 17-ին նկարահանված ու ստորև ներկայացվող կադրերում ակնհայտ երևում է, որ այդ տարածքում ջրի կուտակումներ չկան»։