ՊԵԿ-ում տեղի է ունեցել թվային պատրաստվածության գնահատման ծրագրի շրջանակում ԵԱՀԿ քարտուղարության հանդիպումը
Պետական եկամուտների կոմիտեում, Հայաստանի թվային պատրաստվածության գնահատման ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում՝ ԵԱՀԿ քարտուղարության և Բեռլինի բիզնես-գործառնությունների օպտիմալացման կառավարման խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում առևտրի և տրանսպորտի ոլորտների դյուրացմանը՝ հիմնական լոգիստիկ կենտրոնների և սահմանային անցակետերի թվային պատրաստվածության գնահատման միջոցով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային սահմանային անցակետերի թվայնացման պատրաստվածությանը, գործող ենթակառուցվածքներին և բիզնես գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև 2020-2024 թվականների թվային ռազմավարության ձեռքբերումներին, իրականացված աշխատանքներին, ինչպես նաև 2025-2029 թվականների ազգային թվայնացման զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններին ու նպատակներին:
Հայաստանի սահմանային անցման կետերում գործող համակարգերի թվայնացման աշխատանքներին ծանոթանալու, մաքսակետերի ղեկավարների և աշխատակիցների հետ հանդիպումներ ունենալու նպատակով՝ հոկտեմբերի 16-ից 18-ը նախատեսվում են ԵԱՀԿ փորձագետների այցեր Բավրայի, Բագրատաշենի, Այրումի և Գոգավանի մաքսակետեր։ Հանդիպումների արդյունքում ԵԱՀԿ քարտուղարությունը ներկայացնելու է համապատասխան խորհրդատվություն և առաջարկություններ՝ Պետական եկամուտների կոմիտեի՝ թվայնացման ոլորտում հետագա բարեփոխումների և հնարավոր զարգացումների ուղղությամբ։