Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարից
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աջափնյակ Գ1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1966 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է չշահագործվող խանութի պատին։
Շտապօգնության բժիշկը տեղում արձանագրել է Վ․ Ս․-ի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։