Մինչև սեպտեմբերի 30-ը 84 անհատ վարորդի կողմից գեներացվել է 1463 էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ շուրջ 26.2 մլն դրամի չափով. ՊԵԿ
Մինչև սեպտեմբերի 30-ը My tax բջջային հավելվածի միջոցով տաքսի ծառայություն մատուցող թվով 84 անհատ վարորդի կողմից կանխիկ և անկանխիկ գործարքներով գեներացվել է 1463 էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ շուրջ 26.2 մլն դրամի չափով։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։
«Մինչև սեպտեմբերի 30-ը էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից հաշվառվել է 40789 վարորդ, որոնց կողմից գեներացվել է 6.695.515 էլեկտրոնային կտրոն՝ շուրջ 8 մլրդ դրամի չափով»,–հայտնեցին ՊԵԿ–ից։
Հարցին այն մասին՝ եղե՞լ են դեպքեր, երբ տաքսու վարորդը ՀԴՄ կտրոն չի տրամադրել ուղևորին, ինչի համար տուգանվել է, գերատեսչությունից պատասխանեցին, որ նման դեպքերի մասին տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումը, ըստ որի, ՀՀ տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:
Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք։
Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով (2024 թ․սեպտեմբերի 1-ից), մինչև 2026թ․ հունվարի 1-ը տոկոսը կբարձրանա՝ հասնելով 5 տոկոսի։ Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5 տոկոսի չափով պետք է տուրք վճարվի (2024 թ․սեպտեմբերի 1-ից), մինչև 2026թ․ հունվարի 1-ը տուրքը կհասցվի 4 տոկոսի։