Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռու մարզ
Այսօր Վանաձոր են այցելել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ։ Այս մասին հայտնում են Վանաձորի համայնքապետարանից:
Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ։
Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։
Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել։
Ելույթ է ուեցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով գործընկերության և առաջընթացի մասին։
Պաշտոնական ելույթներից հետո ներկաներին ցուցադրվել է ավտոբուսների տոմսավավերացման համակարգը։
Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում։