Նշագեղձերի հեռացում․ ի՞նչ է պետք իմանալ
Նշագեղձերը երկու փոքր գեղձեր են, որոնք տեղակայված են ըմպանի երկու կողմերում:
Մանկական տարիքում դրանք օգնում են վարակների դեմ պայքարին: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարիք է զգացվում վիրահատական մեթոդով հեռացնել այս հյուսվածքային բարձիկները, որը կոչվում է տոնզիլէկտոմիա, փոխանցում է Aysor.am-ը։
Տոնզիլէկտոմիան ցուցված է, եթե դուք կամ ձեր երեխան ունեք նշագեղձերի կամ դրանց հարակից հյուսվածքների կայուն կամ կրկնվող խնդիրներ, օրինակ՝ հաճախակի բորբոքում կամ բարդացած վարակ, օրինակ՝ թարախակույտ: Երբեմն նշագեղձերը հեռացվում են, քանի որ մեծանալով առաջացնում են շնչառության հետ կապված խնդիրներ, քնի խանգարումներ կամ կլման դժվարացում:
Վիրահատական միջամտությանը պետք է ներկայանալ քաղցած վիճակում, քանի դեռ բժիշկն այլ ցուցումներ չի հրահանգել: Նույն կերպ, բժիշկը կարող է առաջարկել, որ դադարեցնեք որոշ դեղերի ընդունումը, օրինակ՝ Ասպիրին, հակաբորբոքային դեղեր (օրինակ՝ Նուրոֆեն) և այլն:
Որպես կանոն, նշագեղձերի հեռացումն իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո: Երեխան քնած է լինելու ողջ վիրահատության ընթացքում և որևէ ցավ չի զգալու: Վիրաբույժը նշագեղձերը հեռացնում է բաց բերանից, ուստի մաշկի վրա որևէ կտրվածքի անհրաժեշտություն չի առաջանում:
Արթնանալուց հետո երեխան հավանաբար կզգա կոկորդում անհարմարավետության զգացում կամ ցավ: Կարող է նաև նշել ընդհանուր թուլություն և վատ ինքնազգացողություն: Ըստ անհրաժեշտության բժիշկը կնշանակի ցավազրկող և այլ դեղեր:
Տոնզիլէկտոմիայից հետո սովորաբար կպահանջվի գիշերել կլինիկայում: Երեխաներին կարող է առաջարկվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում բացակայել դասերից:
Հետվիրահատական շրջանում բժիշկը խորհուրդ կտա զերծ մնալ կոկորդը գրգռող որոշ մթերքներից, ինչպիսիք են նարինջը և կիտրոնը:
Տոնզիլէկտոմիան անվտանգ միջամտություն է: Երբեմն հեռացված նշագեղձերի շրջանում կարող են ի հայտ գալ արյունահոսություն կամ վարակ: Եթե երեխայի մոտ նկատել եք թարմ արյունահոսություն, ջերմություն կամ նա չի կարողանում հեղուկներ կամ սնունդ ընդունել, առանց հետաձգելու զանգահարեք բուժող բժշկին:
Եթե արյունահոսությունն առատ է, անհապաղ զանգահարեք շտապ օգնություն, կամ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության կենտրոն: