Խոշոր վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ վիրավորների վիճակը ծանր է
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Հրազդան գետի վրա կառուցված կամրջի մոտ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ինչպես նաև «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինն էլ՝ կայուն ծանր:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: