Մետրոյում QR կոդերը չեն աշխատում, իրավիճակը բարդանում է
Թե՛ հասարակական տրանսպորտը, թե՛ մետրոն տհաճ անակնկալներ են մատուցում քաղաքացիներին։ Այս երկու փոխադրամիջոցներից օգտվողները ստիպված են լինում երկար ժամանակ սպասել կանգառներում կամ հերթերում, որպեսզի «ա» կետից տեղափոխվեն «բ» կետ։
Ինչպես հայտնի է՝ մյուս ամսվանից՝ նոյեմբերի 1-ից, հասարակական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Խոսքը գնում է հատկապես MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներին։
Իհարկե այս հայտարարությունը բացարձակ ուրախությամբ և գոհությամբ չի ընդունվել տրանսպորտային միջոցներից օգտվողների շրջանում, քանի որ հատկապես QR կոդով հասարակական տրանսպորտից օգտվելը շատերի համար դժվարություններ է առաջացնում։
Շատ չշեղվելով QR կոդերի թեմայից՝ հարկ է նշել, որ Երևանի մետրոյում ևս խնդիրներ են առաջացել օգտվողների համար։
ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվել, որ մետրոյի QR կոդերից օգտվելը նոր փորձություն է դարձել, քանի որ QR կոդերի համար նախատեսված սարքերը կա՛մ չեն աշխատում, կա՛մ կոդը չեն «կարդում»։ Իսկ ինչ վերաբերում է բանկային համակարգով վճարումներին, ապա այստեղ էլ նույն պատմությունն է, սակայն մեկ տարբերությամբ․ այս դեպքում միայն չեն աշխատում։
Խնդրով պայմանավորված՝ ArmLur.am-ը դիմեց Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն՝ պարզելու՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում առկա խնդիրներն ու դժգոհությունները վերացնելու համար։
Դիմել ենք նաև Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու համար՝ հասարակական տրանսպորտում առկա խնդիրների լուծումները։
Մանրամասները՝ տեսանյութում։