Ֆրանսիայի հայերը բողոքի ակցիաներ կանցկացնեն Օլանդի Թուրքիա կատարելիք այցի դեմ
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները բողոքի ակցիաներ կկազմակերպեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հունվար 27-ին Թուրքիա կատարելիք այցի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» թերթը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ֆրանսիայի հայերին մասնակցել բողոքի ակցիաներին, որոնք ողղված են Օլանդի Թուրքիա այցի և Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ:
Նշվում է, որ այս այցը նախագահի մակարդակով առաջինն է լինելու 20 տարվա ընդմիջումից հետո:
Բողոքի ակցիաներ տեղի կունենան հունվարի 25-ին Լիոնում, Մարսելում, ինչպես նաև հունվարի 26-ին՝ Փարիզում և Մոնպելյեում: Ցուցարարները կոչ կանեն Օլանդին նախագահական ընտրությունների ժամանակ տված խոստումը կյանքի կոչել՝ ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Թուրքական թերթը հայտնում է նաև, որ դեկտեմբերի 16-ին Օլանդը ընդունել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներին, որոնց հայտնել էր, որ մայիս ամսին կհայտարարի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին: Ո՛չ Ելիսեյան պալատը, ո՛չ էլ Ֆրանսիայի արտգործնախարարությունն այդ տեղեկությունը չեն հերքել, իսկ դիվանագիտական աղբյուրները հրաժարվել են այն մեկնաբանել: