Մեզ համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների թիրախավորումը. «Նոա»-ն՝ «Փյունիկ»-ին
Երևանի «Նոան» անդրադարձել է «Փյունիկի» հայտարարությանը, թե ակումբի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների մուտքն արգելված է։ Պատանի ֆուտբոլիստները «Փյունիկից» տեղափոխվել են «Նոա»։
«Մեզ համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը. սա դուրս է բարոյական և էթիկական բոլոր նորմերի սահմաններից։ «Նոա» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլիստների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ։ Մենք մեր ֆուտբոլիստների համար ապահովում ենք լավագույն պայմաններ՝ լավագույն ենթակառուվածքների ստեղծման ծրագրեր, բարձրակարգ մարզչական անձնակազմ, սպորտային տեխնիկական հագեցվածություն, վարձատրություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ։
Մենք պատրաստ ենք մինչև վերջ աջակցելու երեխաներին և ծնողներին՝ դատական կարգով հարցի կարգավորման համար։ Իսկ ապագայում, եթե նրանք տեղափոխվեն այլ ակումբներ և գրանցեն հաջողություններ իրենց ֆուտբոլային կարիերայում, միայն կկիսենք ուրախությունն ու կհետևենք նրանց ձեռքբերումներին»,- ասել է «Նոա» ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը: