Մենք կշարունակենք կռվել, եթե թշնամին կանգ չառնի․ «Հեզբոլլահ»-ը պայմաններ է սահմանել
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պատրաստ է դադարեցնել մարտերը Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հրադադարի հաստատման դեպքում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է լիբանանյան շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։
«Ես դիմում եմ Իսրայելին, միակ լուծումը հրադադարն է, մենք կշարունակենք կռվել, եթե թշնամին կանգ չառնի», - ասել է նա։
Ըստ Ղասեմի՝ անցած շաբաթվա ընթացքում իսրայելական բանակի կորուստները Լիբանանի հարավում կազմել են 25 սպանված և 150 վիրավոր։ «Ես դիմում եմ ներքին ճակատին. մի հավատացեք ձեր քաղաքական գործիչների խոսքերին մեր հնարավորությունների մասին, տեսեք, թե ինչ կարող ենք անել և իրականում արդեն իսկ արել ենք», - ավելացրել է Հեզբոլլահի փոխնախագահը։
Նա նշել է, որ շարժումը հարվածներ է հասցնելու Իսրայելի ողջ տարածքում՝ ի պատասխան հրեական պետության կողմից Լիբանանի վրա հարձակումների։
«Մենք ապացուցել ենք Թել Ավիվին և Հայֆային հարվածելու մեր կարողությունը, եթե հակառակորդը չդադարի, մեր հարվածների շրջանակը կընդլայնվի՝ ստիպելով ոչ թե հարյուր հազարավոր, այլ ավելի քան երկու միլիոն բնակիչների գնալ ռմբապաստարաններ», - ընդգծել է Քասեմը։
Նա հայտնել է, որ «Հեզբոլլահի» նպատակն Իսրայելի կողմից օկուպացված տարածքների ազատագրումն է և Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի դեմ պայքարող պաղեստինյան շարժմանն աջակցելը։