Կոստանյանը ՄԱԿ-ի ՓԳՀ գործադիր կոմիտեի նստաշրջանին անդրադարձել է ԼՂ-ից ավելի քան 115 հազար փախստականների խնդրին
Հոկտեմբերի 15-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված ավելի քան 115 հազար փախստականների խնդրին: Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները փախստականների հրատապ կարիքների հասցեագրման ուղղությամբ:
Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ՝ կարևորելով այդ հարցում ՄԱԿ-ի ՓԳՀ և միջազգային այլ գործընկերների շարունակական աջակցությունը: