Սյունիքի մարզում 40-ամյա տղամարդը վիճաբանել է տան անդամների հետ, վերցրել հրացանը և սկսել կրակոցներ արձակել
Հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում կրակոցների ձայներ են լսվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում ոստիկանները պարզել են, որ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Մ․-ն ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է տան անդամների հետ և իր անվամբ ոստիկանության Կապանի բաժնում հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանից 2 անգամ իր բնակարանի առաստաղին և 4 անգամ նույն շենքի բակում արձակել է կրակոցներ:
Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի և պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի պահպանության բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Վլադմիրի Մ․-ն հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Վլադմիրի Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։