Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները
Հոկտեմբերի 14-ին Ժնևի միջազգային կոնֆերանս կենտրոնում «Միջխորհրդարանական միության 149-րդ գլխավոր վեհաժողովի» շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահներ Նուման Քուրթուլմուշն ու Սահիբա Գաֆարովան: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։
Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունը երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների մասով:
Քուրթուլմուշն ընդգծել է, որ երկու երկրները շարժվում են համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ունեցած ընդհանուր տեսակետներով, ինչը դրսևորվում է միջազգային հարթակներում:
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմին, ինչի համատեքստում ընդգծելով «ադրբեջանական կողմի հաղթանակը», նշել է, որ այդպիսով Կովկասում ուժային հարաբերակցությունը փոխվել է:
Թուրք պաշտոնյան խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և շեշտել, որ դրա կյանքի կոչմամբ իրենք ցանկանում են ապահովել Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ ժողովուրդների շահերը:
Գաֆարովան իր գոհունակությունն է հայտնել տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ և ուշադրություն հրավիրել երկու երկրների կապվածության վրա:
«Այս իրավիճակն ամրապնդելով համագործակցությունը, հնարավորություն է տալիս այն մեծացնելու»,-հավելել է նա: