Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր. Ալեն Սիմոնյանի ելույթը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում:
«Տիկի՛ն նախագահ,
Պարո՛ն գլխավոր քարտուղար,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձևավորման գործում:
Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջև, գիտության և տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլև ազգային անվտանգություն, կենսունակություն և կայուն զարգացում:
Քանի որ գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կիրառումը կարող է օգտագործվել նաև ի վնաս մարդկանց ու լինել մարտահրավեր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրությունն է օգտագործել այն առավելագույն սոցիալական, տնտեսական և բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերություններն ու խնդիրները:
Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Տարվա 270 արևային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արևային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից և պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը:
Գիտությունն ու տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում Հայաստանի ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման և կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի նվազեցման գործում: Այս ոլորտներում առաջընթացը լուծումներ է առաջարկում մեր առջև դրված խնդիրներին՝ գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումից մինչև բնական աղետների դեմ պայքարի բարելավում: Խելացի կերպով կիրառելով այս տեխնոլոգիաները՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք շրջակա միջավայրը, այլև ավելի լավ ապագա ենք ապահովում հաջորդ սերնդի համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Կարևոր է կիրառել հուսալի տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանը, ինչպես և շատ այլ երկրներ, կենտրոնացած է ածխաթթու գազի արտանետումների նվազեցման, ռեսուրսների պահպանման և բնապահպանական պատասխանատվության մշակույթի խթանման վրա: Դա հավաքական ջանք է, և մենք բոլորս պետք է նպաստենք մեր մոլորակի պաշտպանության համար տեխնոլոգիական առաջընթացի խելացի օգտագործման ապահովմանը:
Գիտությունն ու տեխնոլոգիաները նաև խաղաղաշինության հզոր գործիքներ են: Գիտական նորարարությունները կարող են օգնել մեզ բավարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտությունների նվազումից մինչև մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները:
Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, կատարյալն այլևս չպետք է լինի լավի թշնամին:
Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:
Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք, օգտվել պահից և միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:
Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր:
Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը: