Արդյոք ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կաշառք է վերցրել, դատախազությունը չի մեկնաբանում. պատգամավորն անադեկվատ արձագանքեց
Հովիկ Աղազարյանը կոռուպցիոն սկանդալի կիզակետում է հայտնվել: Մասնավորապես, ըստ մամուլի, խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ:
Tert.am-ը հարցում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե հասկանալու համար, արդյոք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որևէ քրեական վարույթով անցնում է որևէ կարգավիճակով:
Հակակոռուպցիոն կոմիտեն թեպետ նշել է, որ տուժողի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի պատգամավորը, բայց չի հերքել, որ կարող է վկայի կարգավիճակ ունենալ:
«Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 4-ի հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Հակակոռուպիցոն կոմիտեում քննվող քրեական որևէ վարույթով տուժողի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի, իսկ քրեական վարույթներով հարցաքննվող վկանների վիճակագրություն չի վարվում»:
Այսօր մամուլում հրապարակում է եղել, որ ՔՊ պատգամավորին կաշառք տալու գործը գլխավոր դատախազի սեղանին է:
«Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորն անպատիժ է մինչ օրս:
Հիմա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմանը, միգուցե դատախազն էլ իր հերթին սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգին, որպեսզի մտնի ԱԺ և Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի և մեղադրանք առաջադրի նաև կաշառք պահանջողի կամ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերող անձի նկատմամբ»,- գրել է ժողովուրդ օրաթերթը:
Tert.am-ը դատախազությունից փորձեց պարզել, արդյոք նման գործ կա դատախազությունում, սակայն, դատախազությունից պարզապես ասացին. «Չենք մեկնաբանում»:
Tert.am-ը նաև փորձեց զրուցել ՔՊ-ական պատգամավորի հետ, հասկանալու, ի վերջո ինչ է կատարվում, ինչում են իրեն մեղադրում, արդյոք կաշառք է փորձել ստանալ, սակայն պատգամավորին մեր հարցերը զայրացրեցին, նա սկսեց վիրավորել, անադեկվատ իրեն պահել, ապա հարցրեց. «Ինձ մեղադրո՞ւմ եք կաշառակերության մեջ»:
Դիտարկմանը՝ ոչ ոք իրեն ոչնչում չի մեղադրում, ընդամենը մեջբերում է արվել մամուլի հրապարակումից և փորձում ենք հնարավորություն տալ իրեն խոսելու, նա հանդարտվեց:
«Ամեն դեպքում ես լսումների եմ հիմա, շատ զբաղված եմ, երեկոյան 5-ին զանգեք, կխոսենք»,- ասաց նա ու անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց զանգերին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։